четверг, 17 марта 2016 г.

Կոշի գյուղ


Կոշ գյուղի տարածքում և շրջակայքում պահպանվել են պատմահնագիտական հուշարձաններ, որոնցից վաղագույնները վաղ երկաթի դարաշրջանի բնակավայրի ավերակներն են և բազալտե խոշոր քարերով շարված աշտարակաձև կառույցը։
Հյուսիս-արևելյան ձորալանջին կանգուն է Ս.Ստեփանոս եկեղեցին (VIIդ.)` կառուցված դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆից։ Եկեղեցին ունի հարուստ դեկորատիվ հարդարանք։ Ներսը որմնանկարազարդ է։ Համեմատաբար լավ է պահպանվել Քրիստոսի փառաբանության պատկերը բեմի գմբեթարդում։ Ս.Ստեփանոս եկեղեցուց արևելք գտնվում են սրբատաշ կարմիր տուֆից կառուցված մատուռի հիմնապատերը, դեպի արևմուտք` XIIIդ. խաչքարերով հարուստ գերեզմանոց` դարչնագույն սրբատաշ տուֆից շինված փոքր մատուռով, իսկ հյուսիս-արևմուտքում` միջնադարյան ինժեներական կառույց` կոպիտ մշակված բազալտից, կրաշաղախով շինված և ներսից սվաղված ջրամբար։ Այն թաղածածկ է` կալունակների վրա նստող երեք թաղակիր կամարներով։ Ներքին չափերն են 4,8մx13,5մ, բարձրությունը` 2,8մ, պատերի լայնությունը` 1,45մ։
Կոշում գտնվում են միանավ, թաղածածկ Գրիգոր Լուսավորիչ (XIII-XIVդդ.), Ս.Գևորգ (XIXդ.) եկեղեցիները, ձիթհան (XVIIIդ.)։ Հյուսիսային կողմում, բլրի գագաթին կանգուն է Կոշի ամրոցը (XIIIդ.)։
Կոշից հարավ, խճուղու եզրին է գտնվում 6,8մ բարձրությամբ, կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձանը (1195թ.)։ Ըստ արձանագրության` նվիրված է Արագածոտն գավառը սելջուկներից ազատագրելուն։
Հայկական մատենագրության մեջ կան IVդ. անցքերին վերաբերող` Կոշի (հիշատակված է Կվաշ ձևով) հետ կապված տեղեկություններ։ Մովսես Խորենացին հաղորդում է, որ Հայոց Տիրան թագավորը (339-345թթ.) կուրացվելուց հետո բնակություն է հաստատում այստեղ, իսկ նրա որդի Տրդատի` Բյուզանդիայում սպանվելուց հետո Կոշը իր մյուս կալվածների հետ նվիրում է վերջինիս որդի Գնելին։ Արշակ Բ-ի պահանջով Գնելը թողնում է այդ կալվածները, հեռանում Աղիովիտ և Առբերանի գավառները, այդ պատճառով Տիրանը նզովում է Արշակին, վերջինիս սենեկապետների ձեռքով խեղդամահ արվում և թաղվում Կոշում։
Կոշում են թաղվել նաև Հայոց Հուսիկ և Դանիել կաթողիկոսները։


Комментариев нет:

Отправить комментарий